«Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում քաղաքացիական նախաձեռնությունների, ոչ ֆորմալ խմբերի և ՀԿ-ների համար» ծրագիր

Մարդու իրավունքի պաշտպանները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու գործում։ Այդ անելու լավագույն ձևերից մեկը իրենց երկրներում մարդու իրավունքների իրավիճակի մոնիթորինգն է միջազգային ստանդարտների համեմատությամբ, և դրա արդյունքում հաշվետվությունների պատրաստատումը։ Խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացումը կարծիքների արտահայտման ամենատեսանելի դրսևորումներից մեկն է։ Որպես քաղաքացիական հասարակության անկյունաքար, այն մարդկանց ամենատարբեր խմբերի հնարավորություն է տալիս հայտնի դարձնելու իրենց հայացքները։

2015թ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ “ԼոգոՍ” Երիտասարդական ՀԿ-ն կիրականացնի «Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում քաղաքացիական նախաձեռնությունների և ոչ ֆորմալ խմբերի և ՀԿ-ների համար» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝

Աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին և ոչ ֆորմալ խմբերին բարելավելու նրանց իմացությունը հավաքների ազատության ստանդարտների և հավաքների ազատության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ և հաշվետվություններ պատրաստելու հմտություններ հաղորդել՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել երկրի իշխանությունների հետ ազգային ու տեղական մակարդակներում հավաքների ազատության պաշտպանությունն ուժեղացնելու և խթանելու համար։

Ծրագրի խնդիրներն են՝

1․ Ոչ ֆորմալ խմբերին, քաղաքացիական նախաձեռնություններին և ՀԿ-ներին ուսուցանել հավաքների ազատության միջազգային ստանդարտները։

2․ Ոչ ֆորմալ խմբերին, քաղաքացիական նախաձեռնություններին և ՀԿ-ներին ուսուցանել հավաքների ազատությանն առնչվող ազգային օրենսդրությունն ու ընթացակարգերը։

3․ Զարգացնել ոչ ֆորմալ խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների և ՀԿ-ների կարողությունները հավաքների ազատությունների հետ կապված մարդու իրավունքների մոնիթորինգ իրականացնելու և հաշվետվություններ պատրաստելու ոլորտում։

4․ Խթանել ոչ ֆորմալ խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների, ՀԿ-ների և զանգվածային լրատվական միջոցների միջև փոխհամագործակցության դաշտի ստեղծումը խաղաղ ցույցերի անցկացման գործընթացում։

5․ Խթանել երկխոսությունը իշխանությունների և ոչ ֆորմալ խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների, ՀԿ-ների միջև՝ ազգային և տեղական մակարդակներում հավաքների ազատության պաշտպանությունը բարելավելու և խթանելու համար։

6․ Ոչ ֆորմալ խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների և ՀԿ-ների համար կազմակերպել գործնական մոնիթորինգի իրականացում Գյումրի քաղաքում գործող քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական կուսակցությունների, Երևանից ժամանած այլ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կազմակերպվելիք բողոքի ցույցերի ընթացքում։

Թիրախ խումբը՝ Շիրակի մարզում ակտիվ գործունեություն ծավալող ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական նախաձեռնություններ և մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 976100 ՀՀ դրամ, որի Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորումը կազմում է 592000 ՀՀ դրամ։

Դիտվել է 242 անգամ