ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԼոգոՍ» հունարենից թարգմանաբար նշանակում է խոսք, միտք, բանականություն: Հույն փիլիսոփա Արիստոտելը Լոգոս հասկանում էր «հասկացողություն» և «բանականություն», իսկ Փիլոն Ալեքսանդրիացու իդեալական փիլիսոփայության մեջ Լոգոսը հանդես է գալիս որպես գաղափարների միասնություն, ստեղծագործական միտք, հավաքականություն, օրենք և միասնական ուժ: Կազմակերպության անվանման ընտրությունը ուղղակիորեն պայմանավորված է հիմնադիրների միասնականությամբ և համախմբվածությամբ:

«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն ստեղծվել է 2013թ․ հոկտեմբերի 21-ին՝ որպես երիտասարդական ՀԿ։ Կազմակերպության ստեղծման հիմքում ընկած էր երիտասարդների խնդիրներին առնչվող ծրագրերի և միջոցառումների իրականացման մեր տեսլականը։ Սակայն մեր գործունեւոթյան ոլորտը ենթարկվեց փոփոխության՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք առկա էին մեր հասարակության մեջ և հատկապես Շիրակի մարզի ազգաբնակչության շրջանում՝ այն էր մարդու իրավունքների և շահերի պաշտպանության կարևորությունը։ Եվ հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք փոփոխեցինք Կանոնադրությունը և մեր ռազմավարությունը 2015թ մարտ ամսին և այդ օրվանից մենք գործում ենք՝ որպես իրավապաշտպան ՀԿ։


ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Մենք աշխատում ենք մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում, բարդ, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող ոլորտ, որը լի է բազմաթիվ խնդիրներով։ Տարբեր սեմինար-դասընթացների, հանդիպումների, քննարկումների, ինտերակտիվ թատրոնների, դիտորդական առաքելությունների միջոցով բարձրացնում ենք նաև հասարակության շրջանում իրավագիտակցության մակարդակը։ Մենք մատուցում ենք նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն և անվճար փաստաբանական աջակցություն հասարակության բոլոր շերտերին, առանց սահմանափակման։


ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երբ մենք սկսեցինք, ունեինք ընդամենը 1 տուփ A4 ֆորմատի թուղթ, մի քանի հատ գրիչ, գունավոր մատիտներ, լիքը գաղափար և այդ գաղափարների իրականացման համար ջանք ու եռանդ չխնայող թիմ։ Շատ դժվար էր սկսել մի գործ, որը քեզանից առաջ արդեն արել են, մի գործ, որն ունի արդեն ոլորտում հաստատված կազմակերպություններ, անհատներ, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր։ Իսկ հասարակությանը քիչ են հետաքրքրում այդ նոր գաղափարները, որոնք պատրաստվում ես երևան բերել, հասարակությանը հետաքրքրում է պատրաստի արդյունքը և այդ արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց։ Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում, բոլորին հայտնի Ռաբիս փողոցում մենք վարձակալել էինք մեկ սեփական տան ընդամենը 1 սենյակը, որը չուներ անգամ տարրական կոմունալ պայմաններ, և մի սենյակի մեջ մեկ սեղանի շուրջ մեկ համակարգչով աշխատում էինք։ 21-րդ դարն էր, բայց ինչպես մեր քաղաքում շատ տնակներում ապրող մարդիկ, մենք ևս փայտի վառարանով էինք տաքանում։ Բայց չէինք սրտնեղում և հիասթափվում, քանի որ ունեինք մեր տեսլականը և դրան տանող մեծ ուժ, որն ընկերությունն էր, սերը միմյանց և գործի նկատմամբ։ Իսկ հիմա մենք ունենք լավ հեղինակություն մարզում, հանրապետությունում և ՀՀ սահմաններից դուրս։ Մենք իրականացնում ենք մեծ ֆինանսավորմամբ ծրագրեր, որոնք նման չեն այլ ծրագրերի։ Մենք ունենք մրցունակ աշխատակազմ, մեծ գրասենյակ բոլոր հարմարություններով, բոլոր աշխատակիցների համար նոր համակարգիչներով և մեծ կոնֆերանս սրահ, որը անվարձահատույց տալիս ենք բոլոր այն անհատներին, ՀԿ-ներին, խմբերին, ովքեր դրա կարիքն ունեն։



Դիտվել է 610 անգամ